Մեր առաքելությունը

Кто мы

Մենք գիտենք

Նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է 2003թ․-ին։ Սակայն մինչ օրս երկրում պահպանվում է հոմոֆոբիան, ուստի բացահայտ նույնասեռականները Հայաստանում քիչ են, նրանք նախընտրում են  հասարակությունից թաքցնել իրենց կողմնորոշումը։

Վերջին ուսումնասիրությունների համաձայն, հարցվածների կեսից ավելին կհրաժարվեր մարդու հետ ընկերությունից, եթե իմանար, որ նա նույնասեռական է։ Հայերի մինչև 70%-ը նույնասեռականությունը «տարօրինակ երևույթ» է համարում։ 50 եվրոպական երկրներում ԼԳԲՏ իրավունքների զարգացման մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը Ադրբեջանից և Ռուսաստանից առաջ։ Հայաստանի երիտասարդությունը նույնպես պահպանողական հայացքներ ունի այս թեմայի վերաբերյալ։

Մեկ այլ ուսումնասիրությունների համաձայն, 1 017 հարցվածների 93,8%-ը հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել փողոցներում զբոսնող, միմյանց ձեռք բռնած նույնասեռականների, իսկ 97,5%-ը դեմ է, որպեսզի նրանք համբուրվեն փողոցում։

Չնայած դրան՝ 2017թ․-ին Հայաստանը դարձել է պատմության մեջ երկրորդ ասիական երկիրը, որը սկսել է ճանաչել արտասահմանում կնքված նույնասեռական ամուսնությունները։

Շարժման նպատակն է լրացուցիչ ուշադրություն գրավել Հայաստանի սեռական փոքրամասնությունների խնդրի նկատմամբ և ազդեցություն ունենալ տեղի սոցիումի կողմից մերժման վրա՝ երկրում ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքներն ընդլայնելու և պաշտպանելու նպատակով։

Մենք լիահույս ենք

Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում այսպես կոչված «նույնասեռականության քարոզչության» վերաբերյալ հասարակական տրամադրությունների և օրենսդրական նախաձեռնությունների ֆոնին ստեղծված իրավիճակը  մտահոգություն է առաջացնում։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի մասին է, քանի որ հենց այդ երկրներում տվյալ թեման առավել հրատապ է։ Այդ (և այլ) պետություններում ԼԳԲՏ մարդիկ արդեն դարձել են կամ կարող են դառնալ նման օրենքների զոհը, որոնք կանդրադառնան նրանց կյանքի վրա ոչ միայն իրավաբանական ոլորտում։

Տագնապալի են նաև ԼԳԲՏ մարդկանց և հանրությունների նկատմամբ հասարակական տրամադրությունները։ Այսօր հոմոֆոբիան, անհանդուրժողականությունը, խոսքի և հարաբերությունների ազատության ու իրավունքների ոտնահարումը սովորական երևույթ է։

Երևանում նախատեսված Արևելյան Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաների 11-րդ ֆորումի չեղարկումը հասարակության կողմից ԼԳԲՏ համայնքի ծրագրերի և արժեքների խեղաթյուրված ընկալման հետևանք է՝ խորացված այս և նման միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար բոլոր լծակներն օգտագործելու իշխանությունների անկարողությամբ և ցանկության բացակայությամբ։ Միաժամանակ, երբ ԼԳԲՏ համայնքների ներկայացուցիչները բացատրական աշխատանք են տանում, դա համարվում է «քարոզչություն» և արժանանում թշնամական, երբեմն անհաշտ վերաբերմունքի։

Այնուամենայնիվ, մենք չենք կորցնում հույսը։ Ավելին, վստահ ենք, որ նախապաշարմունքներից և քարացածությունից ազատ հասարակությունների նման Հայաստանում ավելի շուտ վաղ, քան թե ուշ կհաղթանակի արդարությունը, և հասարակության բոլոր անդամների միջև կհաստատվի փոխըմբռնում։ Դրա համար պետք է միայն հասկանալ, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները բոլորովին հասարակության թշնամիները չեն, նրանք այդ հասարակության մի մասն են և ապրում են նույն ակնկալիքներով, հույսերով ու խնդիրներով։

Տարբերություն տեսնում են միայն մարդիկ, որոնց գիտակցությունը մթագնած է նախապաշարմունքներով։

Մենք հավատում ենք

Հայաստանի Լեսբիները, Գեյերը, Բիսեքսուալները և Տրանսգենդերները (ԼԳԲՏ) ամեն քայլափոխի բախվում են խտրականության հետ։ Նրանց իրավունքների ոտնահարումը հասարակության, ընտանիքի, իշխանությունների և նույնիսկ իրավապահ մարմինների կողմից սովորական երևույթ է։ Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝  հասարակության 90-95 տոկոսը ԼԳՏԲ մարդկանց և կազմակերպություններն անընդունելի է համարում։  Նրանցից հրաժարվում են ընտանիքները,  ուսումնական հաստատությունները, նրանց հաճախ մերժում են աշխատանքի ընդունելու հարցում։

Միաժամանակ գրեթե անհնար է արտահայտել ԼԳԲՏ մարդկանց դիրքորոշումը, բացատրել նույն հասարակությանը նրանց արժեքները, արձագանք գտնել հասարակական գիտակցության, եթե ոչ զգացմունքների մեջ, ցանկացած փորձ արգելափակվում է։ Վերջին օրինակը նոյեմբերի 11-ին Երևանում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չեղարկելն էր։ Իշխանությունների մերժումը բավական խոսուն էր․ իրավապահ մարմինները չեն կարող երաշխավորել մասնակիցների անվտանգությունը և կարգուկանոնը։

Դա կարծրամիտ հասարակության կարծիքի ճնշման ուղիղ արդյունք է։ Հենց այդ պատճառով շատ ԼԳԲՏ մարդիկ թաքցնում են հասարակությունից իրենց ինքնությունը։ Միգուցե այդպես նրանք ավելի հանգիստ են ապրում, բայց իրերի նման դրությունն անխուսափելիորեն հանգեցնում է մեկուսացման, անվստահության, սթրեսների և դեպրեսիաների։ Այստեղից էլ բխում է ԼԳԲՏ համայնքին պատկանելու պատճառով արտագաղթի դեպքերի զգալի թիվը։ Եթե նրանց նկատմամբ վերաբերմունքը նորմալ լիներ, ինչպես ընդունված է նման նուրբ հարցերի քաղաքակիրթ ընկալմամբ երկրներում, նրանք չէին էլ մտածի արտագաղթելու մասին։

Սակայն դրությունը բոլորովին անհույս  չէ, իսկ նոր հույսերը կապված են Հայաստանի նոր իշխանության հետ, որը հռչակել է օրենքի առաջ բոլորի հավասարություն և խտրականության ցանկացած տեսակի բացառում, այդ թվում՝  սեռական նախապատվությունների հատկանիշով։ Միջնադարյան մտածողության կարծրատիպերով կուրացած հասարակության դիմադրությունը հաղթահարելը հեշտ չէ, բայց աշխատանք պետք է տարվի և այն տարվում է։

Մենք մեծ հույսեր ենք կապում հայկական նոր իշխանության հետ՝ ավելի երիտասարդ, նշանակում է՝  կարծրատիպերի և կաղապարների ազդեցությանը  պակաս ենթակա, ազատ աշխարհի ընկալման մեջ՝ նրա ամբողջ խրթին գունեղությամբ հանդերձ։ Դժվար է դիմակայել արմատապես հոմոֆոբ հասարակությանը, բայց այլ ճանապարհ չկա, քան հետևողական և համառ բացատրությունը, տրամաբանական փաստարկներ ներկայացնելը, բանականության և արդարության զգացումին դիմելը՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական։

 

Մենք լիահույս ենք և վստահ, որ շուտով Հայաստանում մոլորակի առաջադեմ հասարակությունների նման ԼԳԲՏ համայնքին պատկանող մարդիկ կարող են իրագործել խոսքի ազատության և հավաքների իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին և միջազգային իրավական ակտերին համապատասխան։ Հայ հասարակությունը և քաղաքական գործիչները շուտով կհանգեն պարզ ճշմարտության հասկացման․ իրենց ելույթներում և քարոզարշավներում անթույլատրելի են արտահայտությունները և գործողությունները, որոնք սադրում են բռնություն և ծնում ատելություն, արատավորում մարդու պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը, որ սոցիալական խմբին էլ նա պատկանելիս լինի։

Մենք վստահ ենք, որ Հայաստանն առաջիկայում կձերբազատվի հոմոֆոբիայի նման արատավոր երևույթից։